AM
15 Մայիս 2012 - 13:27 AMT

Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսին մասնկացել է նաև Հայաստանը

2012 թ. մայիսի 8-10-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսը, որին մասնակցում էին Եվրոպական տարածաշրջանի 49 անդամ երկրների ոստիկանության և իրավապահ մարմինների ու 13 միջազգային կազմա-կերպությունների 129 պատվիրակներ: Կոնֆերանսում ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը: Այս մասին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսը կազմակերպության կարևորագույն միջոցառումն է Գլխավոր ասամբլեայից հետո, իսկ 41-րդ կոնֆերանսի առանձնահատկությունն այն էր, որ այն նպատակաուղղված էր ինովացիաների կիրառմանը` հիմնված արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա ապագայում հանցավորության ոլորտում հնարավոր սպառնալիքների բացահայտման և դրանց դիմակայելու համար:Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների` մասնավորապես կիբերհանցավորության, ապօրինի միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության, ահաբեկչութան, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման և հանցավորության ազգային և միջազգային մակարդակով դրսևորման այլ վտանգավոր ձևերի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությանը:

Բացման խոսքով ելույթ է ունեցել Ինտերպոլի նախագահ Կու Բուն Հույը՝ նշելով, որ եվրոպական ուսումնասիրությունները և փորձը Ինտերպոլի անդամ երկրներին հնարավորություն են տվել տեղեկացված լինելու հանցավորության դեմ պայքարում վերջին միտումներից և նորարարություններից, հատկապես՝ կիբերհանցավորության դեմ պայքարում: Իսրայելի ոստիկանության գլխավոր տնօրեն Դանինոն իր խոսքում նշել է, որ Ինտերպոլը աշխարհի տարբեր երկրների ոստիկանական մարմիններին տրամադրում է համագործակցություն միասնական համակարգ, և բոլոր ոստիկաննները իրենց գործի նվիրյալներ են: Բացման արարողությունից և բարձրաստիճան պաշտոնյաների ելույթից հետո կոնֆերանսի մասնակիցները հաստատել են օրակարգը, որտեղ ընդգրկված էին քննարկման համար ռազմավարական, օպերատիվ և ղեկավարման բնագավառների մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես` 40-րդ կոնֆերանսին ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը, կիբերհանցավորության դեմ պայքարի եվրոպական կենտրոնի ներկայացում, Ինտերպոլ-Եվրոպոլ համագործակցության զարգացումները, պայքար ինտերնետի միջոցով երեխաների սեռական շահագործման դեմ, տեղեկատվության փոխանակման օպտիմալացում, իրավապահ մարմինների միջազգային կոորդինացման խմբեր, տեղեկատվության փոխանակման եվրոպական մոդել, անդամ երկրների փորձը ահաբեկչության դեմ պայքարում, քննարկումներ նավերի վրա զինված հարձակումների և ծովահենության վերաբերյալ, Եվրոպայում ոստիկանական տեղեկատվության փոխանակման բարելավումը, Եվրոպայում Ինտերպոլի ծառայությունների ընդլայնումը, ոստիկանական տեղեկատվության փոխանակման ապահովումը սահմանային կետերում, երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեմ ուղղված պայքարի ուժեղացում և այլն:

Կոնֆերանսի ընթացքում քննարկումների արդյունքում հավանության են արժանացել և ընդունվել հետևյալ առաջարկությունները` ԱԿԲ-ների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցներին ամենօրյա աջակցություն I-24/7 համակարգի միջոցով, միջազգային համագործակցության բարելավում ահաբեկչության դեմ պայքարում, ոստիկանական միջազգային օպերացիաներին օժանդակելու նպատակով ինտերպոլի հնարավորությունների օգտագործում կիբերհանցավորության դեմ պայքարում, անդրազգային կազմակերպված հանցավորության և անօրինական եկամուտների շրջանառության միջև կապի սահմանում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կոնֆերանսի փակմանը Իսրայելի ոստիկանության գլխավոր տնօրեն Դանինոն ընդգծել է անդրազգային հանցավորության դեմ պայքարելու նպատակով ոստիկանական ծառայությունների միջև արդյունավետ շփումների, հաղորդակցման և համագործակցության կարևորությունը: ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Նոբլի, Գործադիր կոմիտեի եվրոպայի փոխնախագահ Բալեստրազիի, Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, Իսրայելի, Շվեդիայի, Ավստրիայի,Թուրքիայի և այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների և ոստիկանական ծառայությունների ներկայացուցիչների հետ: 2012 թ. Եվրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսը կանցկացվի Հունգարիայի Հանրապետությունում: