AM
16 Մայիս 2012 - 05:57 AMT

«Ժողովուրդ». Հայաստանը «մեծ եղբայր» Ռուսաստանից միայն մեդալներ ու հեռագրեր է ստանում

Թերթը գրում է, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Վերջինս համոզմունք է հայտնել, որ իրենց համագործակցությունը կշարունակվի, ու կպահպանվեն բարեկամական կապերը: Մեդվեդևը Սարգսյանին շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում ձայների համոզիչ մեծամասնությունը ստացած, նրա գլխավորած ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ` հիշեցնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը մնում են լավ բարեկամներ ու դաշնակիցներ:

Թվում է, թե ՌԴ վարչապետն այս խոսքերով Սերժ Սարգսյանին անվերապահ աջակցություն է հայտնել: Բայց իրականում նա որևէ լուրջ բան չի ասել: Բոլորն են հիշում, որ 2009 թ-ին ՌԴ-ի կողմից տրված 500 մլն վարկից հետո «մեծ եղբայրը» որևէ լուրջ հարցով «ձեռք չի մեկնել» «կրտսեր եղբորը»` միայն բավարարվելով մեդալներ, մեդալներ, հեռագրեր ու նամակներ ուղարկելով:

Ու քանի դեռ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի նախաձեռնած ԵվրԱզէս-ին իր համաձայնությունը փաստացի չի տվել, մեր երկիրը ՌԴ-ից կշարունակի ստանալ միայն հեռագրեր ու մեդալներ: