AM
17 Մայիս 2012 - 06:21 AMT

«Առավոտ». Հայրենադարձից պահանջել են մաքսազերծել իր հետ բերած 840 կիլոգրամ իրերը

«Առավոտ» թերթը գրում է, որ Բուլղարիայում բնակվող Հրայր Հովհաննիսյանը, լսելով սփյուռքի նախարարության և Կառավարության «Արի տուն » հորդորը, հավաքում է ողջ իրերը և որոշում վերջնականապես հաստատվել հայրենիքում, սակայն Բավրայի մաքսակետում նրան չեն թողնում անցնել։

«Մաքսակետում նրանից պահանջել են «Ֆորդ» ավտոմեքենայի բեռնախցիկում եղած 840 կիլոգրամ քաշով ամբողջ իրերը մաքսազերծել, եթե ոչ` նվիրատվություն անել հայրենիքին` ասելով` այնքան աղքատներ կան Հայաստանում, մեկին լավություն կանես»,–գրում է թերթը` նշելով, որ իրենց թղթակցի հետ զրույցում Հայաստանում ապրող Հրայր Հովհաննիսյանի հոր` Հենրիկ Հովհաննիսյանի խոսքերով որդու Հայաստան բերած իրերն այնքան հնամաշ են եղել, որ միայն որդուն պետք կգան, մինչդեռ օրենքն այդ հնության համար պահանջում է վճարել 2-3 դոլար։

Նա «Առավոտ» թերթին նաև պատմել է, որ իրենք փորձել են մաքսային բրոկերի միջոցով տեսակավորել ապրանքները, որպեսզի յուրաքանչյուր ակտի համար, ըստ օրենքի, վճարվի 5000 դրամ։ Սակայն մաքսատան աշխատակիցները պահանջել են ոչ միայն յուրաքանչյուր ապրանք առանձին մաքսազերծել, այլև կերամիկական սպասքն էլ հատ–հատ մաքսազերծել։