Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան է հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ գերմանացի պրոֆեսորը ժամանել է երեկ և անմիջապես այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն: ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նրան ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ օգնություն է ցուցաբերվել տուժածներին:
«Բժշկական աշխարհում ընդունված է համատեղ կոնսիլիումներ, փորձի փոխանակում անցկացնելը, որպեսզի բուժումը լինի մաքսիմալ արդյունավետ»,- նշել է Հարություն Քուշկյանը:
Գերմանացի բժիշկը կայցելի բոլոր հիվանդներին և անհրաժշտության դեպքում միջամտությունները կկատարի:
«Մեր բժիշկների հետ համատեղ նա կպլանավորի հիվանդների հետագա բուժումը և վարման կարգը: Կան հիվանդներ, որոնք երկարատև և խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գնալու են մինչև վերջ, բոլոր հիվանդներին բուժելու են, ոչ մի սպի չեն թողնելու:
Նախնական տվյալներով` գերմանացի բժիշկը Հայաստանում կլինի երկու օր: Գերմանացի պրոֆեսորն ասել է, որ տեսել է երկու ծանր դեպք, որոնց հավանաբար անհրաժեշտ կլինի վիրահատություն, կան նաև թեթև դեպքեր: Պրոֆեսորը լինելու է նաև այլ հիվանդանոցներում, զննելու է բոլոր հիվանդներին, և անելու է առաջարկություններ նրանց բուժման առնչությամբ:
«Եթե հանկարծ անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնությունը, թեև այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»,- նշել է Ադրիան Դայգլերը:
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից 56-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 2-ը` վերակենդանացման բաժանմունքներում: Իսկ 85 հիվանդ ամբուլատոր բուժման մեջ է. թեև դուրս են գրվել, բայց ժամանակ առ ժամանակ գնում են կոնսուլտացիայի, վիրակապության և այլն:





