AM
17 Մայիս 2012 - 07:25 AMT

ԿԳՆ-ն հերքում է. Կոնսերվատորիայի շենքը չի վաճառվում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը չի վաճառվում և չի կարող վաճառվել:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այսօր մամուլում տարածված լուրերին, թե շենքի փոխարեն հերթական էլիտար բազմաբնակարայինն է կառուցվելու կամ էլ հյուրանոց, ասաց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

«Պաշտոնապես հերքում եմ այդ լուրերը: Նման բան չկա: Նախարարն ինքն էլ դեռևս Բրյուսովի անվան համալսարանի շենքի հետ կապաված աղմուկի ժամանակ բազմիցս հայտարարել է, որ բուհերի շենքերը չեն վաճառվելու»,- ասաց Բաղդասարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը մտադիր է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառել: «Ամենայն հավանականությամբ, ուսումնական այդ հաստատության տեղում վեր կխոյանա հերթական էլիտար բազմաբնակարան շենքը կամ որևէ հյուրանոցային համալիր: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը որոշել է Կոնսերվատորիան միացնել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին: «Ժողովուրդ»-ն այս առթիվ զրուցեց Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հետ, որն ասաց, որ իրենք ևս նման լուրեր լսել են: Իսկ Կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Աննա Մայիլյանը մեզ հետ զրույցում վրդովված նշեց, թե ինքը դեմ է, որ Կոնսերվատորիան միացնեն մեկ այլ բուհի. «Ես դեմ եմ տեղափոխմանը, սա մշակութային շենք է, այն պատմություն ունի, և չպետք է քանդել մեկ օրում: Տեղյակ չեմ՝ ինչի համար են ուզում տեղափոխել, բայց Կոնսերվատորիան ունի ավանդույթներ, և նման բան ոչ մի երկրի պրակտիկայում չկա՝ քանդել երկրի մշակույթը»,- գրում է թերը: