Այսօր` մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:
Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության առավել սերտացման նպատակով ձեռնարկվող քայլերի համար` վստահություն հայտնելով, որ այդ գործակցությունից փոխադարձ դրական արդյունքներ կարձանագրվեն: Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությւնն է հայտնել Ճապոնիայի ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև անցյալ տարի ողջ աշխարհը ցնցած ողբերգությանը` Ճապոնիայի երկրաշարժին և դրա սոսկալի հետևանքներին: Այս առնչությամբ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին` դժվարին այդ օրերին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու սրտակցության, ինչպես նաև ի հիշատակ զոհվածների կազմակերպված աղոթքի արարողության համար:
Նորին Սրբությունը մաղթել է Ճապոնիային շուտափույթ հաղթահարել աղետի հետևանքները և ինչպես Ճապոնիայի ժողովուրդը, այնպես էլ ամբողջ աշխարհը զերծ մնալ նման ողբերգություններից:





