Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մտադիր է կանխել արտասահմանյան դիտորդների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը: Նրա խոսքերով` «տարածաշրջանային իրավիճակը սխալ գնահատող եւ Ադրբեջանին կանխակալորեն վերաբերվող որոշ շրջանակներ ցանկանում են դիտորդի կարգավիճակով մասնակցել օկուպացիոն ռեժիմի տեղական մարմինների ընտրություններին»: «Պաշտոնական Բաքուն կանի ամեն հնարավորը, որպեսզի կանխի դա», -ասել է Փանախովը: Նրա խոսքերով` այդ հարցն օրերս կքննարկվի ԿԸՀ-ի նիստում եւ կընդունվի համապատասխան հայտարարություն, որը կուղարկվի միջազգային կազմակերպություններին եւ արտասահմանյան պետություններին: Ադրբեջանի ԿԸՀ նախագահը կոչ է արել այն արտասահմանյան պետություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք մտադիր են դիտորդներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, «հարգանքով վերաբերվել Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ չաջակցել անջատողական ռեժիմին»:





