Հայաստանը մտահոգված է ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների կողմից Բաքվում ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» բազմազգ զորավարժության նախապատրաստական կոնֆերանսը խափանելու փորձով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, «նման միջադեպը հանդիսանում է վերջին շրջանում Ադրբեջանում ահագնալի չափերի հասցված հայատյացության քաղաքականության տրամաբանական հետեւանքը, որը թափանցում է ադրբեջանական հասարակության բոլոր շերտերը եւ խոչընդոտում հայ-ադրբեջանական երկխոսությանը»: Մեկնաբանելով «Արմենպրես» գործակալությանը, թե որքանով Բաքվի միջադեպը կարող է ազդել Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հայկական պատվիրակության մասնակցության վրա` ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը նշել է. «Չնայած նման արհեստական խոչընդոտներին, Հայաստանը հաստատակամ է շարունակելու իր ակտիվ մասնակցությունը մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող համատեղ զորավարժություններին ու այլ միջոցառումներին, այդ թվում Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»: Հայաստանը բարձր է գնահատում այն կարեւոր դերը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը խաղում է Հարավային Կովկասում համագործակցություն եւ երկխոսություն հաստատելու գործում, ասել է նա:





