Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը միանգամայն հնարավոր է, սակայն, այստեղ չպետք է լինեն որեւէ նախապայմաններ, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հունիսի 23-ին պատասխանելով Եվրոպայիր Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հնչած թուրք պատգամավորների հարցերին: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, «հայկական կողմը ունի հստակ պլան եւ կարող է հենց վաղը նստել բանակցությունների սեղանի շուրջ»: Այդ ուղղությամբ առաջին քայլը Անկարայինն է, որը պետք է որոշակիացնի իր վերաբերմունքը բանակցային գործընթացը սկսելու վերաբերյալ, հայտարարել է Հայաստանի նախագահը: Միեւնույն ժամանակ նա դիմել է հարցով թուրք պատգամավորներին. «Մենք չենք հասկանում, թե ինչո՞ւ եք դուք շրջափակել Հայաստանը, դեմարշ եք կազմակերպում մեր դեմ տարբեր միջազգային կառույցներում: Եթե ձեզ թվում է, որ մենք չենք կարող առանց Թուրքիայի, ապա դուք սխալվում եք: Հայաստանը առանց ձեզ էլ կարող է ապրել եւ նորմալ զարգանալ»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:





