AM
25 Հունիս 2004 - 14:06 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ԵՎ ՓԱԹԵԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՏԵՂԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՄԻՋՆՈՐԴԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային եւ փաթեթային տարբերակները կարելի է համատեղել երրորդ` կողմերի համար ընդունելի տարբերակում: Այդ մասին հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին ԵԱՀԿ Մինսկի խիմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը : «Ես այդ մասին ասել եմ դեռեւս անցած տարի սեպտեմբերին, երբ տարածաշրջանում էի ճանաչողական այցով: Այսօր համանախագահները փորձում են այնպիսի առաջարկ նախապատրաստել, որը թույլ կտա համատեղել անհամատեղելին` «փաթեթային» եւ «փուլային» տարբերակները: Իմ կարծիքով, նման հնարավորություն կա», – ասել է նա: Ընդսմին, ռուս դիվանագետը հայտարարել է, որ մինչ այսօր այդ հարցն անհաղթահարելի խոչընդոտ էր: Ինչպես պարզաբանել է նա` ադրբեջանական կողմը պահանջում է, որպեսզի նախ եւ առաջ վերադարձվեն «օկուպացված» տարածքները, իսկ հայկական կողմը պահանջում է, որպեսզի նախ լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Յու.Մերզլյակովը լավատեսորեն է տրամադրված եւ գտնում է, որ այդ փակուղային թվացող իրավիճակից ելք, այնուամենայնիվ, կա: «Եթե ես չհավատայի նման տարբերակի կենսունակությանը, անիմաստ կլինի այն ամենը, ինչով մենք զբաղվում ենք: Ինձ թվում է, որ կողմերի բարի կամքի դրսեւորման դեպքում հնարավոր է գտնել հակամարտության կարգավորման դիրքորոշումների հակասության կամ անհամատեղելիության հանգուցալուծումը», -ասել է ռւս դիվանագետը: