AM
26 Հունիս 2004 - 13:15 AMT

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստան կայցելի Իրանի նախագահ Մոհամմադ Հաթամին, որպեսզի ամրապնդի հարեւան երկրների բարեկամական հարաբերությունները: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը` նշելով, որ դա Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Երեւան: Այցի մանրամասները ի թիվս այլ հարցերի քննարկել է այս շաբաթ այցով Թեհրանում գտնվող Հայաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Նա հանդիպումներ է անցկացրել Իրանի քաղաքական ղեկավարության հետ, որոնց հետ քննարկել է մի շարք համատեղ նախագծեր, մասնավորապես, հայ-իրանական գազամուղի շինարարության վերաբերյալ վերջերս ստորագրված համաձայնագրի իրագործման հարցերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, կողմերը հաստատել են շինարարական աշխատանքներն անհապաղ սկսելու մասին իրենց մտադրությունը: Թումանյանն Իրանի ղեկավարության հետ քննարկել է նաեւ այլ երկկողմ նախագծերի իրականացման առնչությամբ հարցեր, ինչպիսիք են` հիդրոէլեկտրակայանի շինարարությունը Արաքս գետի վրա, եւ Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզում բարձր լեռնային թունելի շինարարությունը: