Հանրային խորհրդում այսօր տեղի ունեցավ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոնի կառուցման մասին քննարկում, որտեղ որոշվեց դիմել ՀՀ վարչապետին` հորդորելով չեղյալ համարել առևտրի կենտրոնի շենքի կառուցման համար տրված քաղաքապետարանի թույլտվությունը և մարզադաշտը գրանցել որպես անշարժ հուշարձան, այն հայտարարելով սպորտի և հանգստի գոտի։
Քննարկմանը ներկա էին ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի ներկայացուցիչ Գագիկ Ժամհարյանը, «Հրազդան» մարզադաշտի գլխավոր ճարտարապետ Վարդգես Գրիգորյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Հովհաննես Եմիշյանը և այլք:
Ազգային արժեքների հանձնաժողովի ներկայացուցիչ Գուրգեն Մուշեղյանը, ներկայացնելով մարզադաշտի կառուցման պատմությունը, ինչպես նաև այժմյան խնդիրները, նշեց, որ ըստ գլխավոր նախագծի` տարածքը, որտեղ այժմ կառուցվում է շինությունը, հասարակական գոտի է.«Եթե նույնիսկ մարզադաշտը տրվում է ենթավարձակալության, այդ տարածքում փոփոխություններ կատարելու իրավունք չկա»,–ասաց նա:
Քննարկմանը կարևորվեց նաև տարածքի նշանակությունը հատկապես մարզադաշտում արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման և այլ աշխատանքեր կատարելու առումով:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ մարզադաշտի հանդիսատեսների 70 տոկոսը արտակարգ դրություններում տարհանվում է հենց այս ճանապարհով: Նրա խոսքով, անթույլատրելի է շենքի կառուցումը տվյալ տարածքում, քանի որ ՖԻՖԱ-ն 20 օր առաջ նոր պահանջներ է ներկայացրել մարզադաշտերի անվտանգության կանոնների հետ կապված, որոնք շատ խիստ են և բացառում են առևտրի կենտրոնի կառուցումն այդ տարածքում։
Ռուբեն Հայրապետյանի համոզմամբ, այս հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ մարզադաշտը գրանցվի որպես մշակութային արժեք :





