AM
30 Հունիս 2004 - 17:37 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱՏՕ-ի որոշումը իր առաջնայնությունները Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ տեղափոխելու վերաբերյալ նոր պարտավորություններ կդնի տարածաշրջանում Դաշինքի անդամ միակ երկրի` Թուրքիայի առջեւ, որն իր դրական եւ հավասար ներգրավվածությամբ կկարողանա արդյունավետ դարձնել այդ նախաձեռնությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ստամբուլում` Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի երեկվա նիստում: Նշենք, որ երեկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում փաստաթուղթ է ընդունվել, ըստ որի այսուհետ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները կլինեն ՆԱՏՕ-ի եւ նրան անդամակցող պետությունների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, փաստաթղթում նաեւ նշվում է համագործակցության եւ երկխոսության ընդլայնումը ՆԱՏՕ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ քաղաքական խնդիրների եւ անվտանգության, ՆԱՏՕ-ի անդամ-երկրների օրինակով տարածաշրջանի երկրների պաշտպանական համակարգերի բարեփոխման, ինչպես նաեւ Դաշինքի կողմից իրագործվող միջոցառումներին Հարավային Կովկասի երկրների մասնկացության շուրջ: Իր ելույթում Վ.Օսկանյանը անհիմն է անվանել նաեւ գագաթնաժողովում հնչած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքները, որոնք վերաբերում էին փախստականների, «գրավյալ տարածքների», Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրներին: Ընդ որում Օսկանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի իսկ ագրեսիայի հետեւանք է` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: