AM
22 Մայիս 2012 - 13:56 AMT

Փաստաբան Ռուբեն Այվազյանը դիմել է նախագահին` քրեական գործ հարուցելու հոր սխալ բուժման համար

Փաստաբան Ռուբեն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր հորը` Լև Այվազյանին սխալ բուժում են տվել թիվ 3 կլինիկական հիվանդանոցում, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Նա քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին, վարչապետին, առողջապահության նախարարությանը, Գագիկ Ծառուկյանին, ոստիականապետին և մի շարք այլ իրավասու անձանց:

Առողջապահության նախարարությունը կազմել է բժշկական էթիկայի հանձնաժողով, որը պետք է քննի հարցը:

Ռուբեն Այվազյանը պնդում է, որ հիվանդանոց հասցնելուց հետո 24 ժամվա ընթացքում սխալ բուժման հետևանքով բժիշկներն իր հորը հասցրել են կլինիկան մահվան. «Մինչև բուժում ստանալը, հայրս տեղաշարժվում էր, իսկ բուժում ստանալուց 10 ժամ անց, այլևս չի կարողացել շարժվել»,–ասաց նա։

Հիվանդանոցում բուժումը կատարել է բժիշկ Տիգրան Այանյանը, ով նույնպես ներկա էր ասուլիսին: Վերջինս հերքեց, որ իրենք սխալ բուժում են նշանակել Լև Այվազյանին` ասելով, որ հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց արդեն իսկ ծանր վիճակում: