«Տեղեկատվական անվատանգության» համընդհանուր հիմնախնդիրները և կիբեռանվտանգությունը» խորագրով երկօրյա սեմինար է այսօր մեկնարկել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում։ Այն անց է կացվում ԵԱՀԿ աջակցությամբ, որին մասնակցում է նաև Նյու Յորքի «Ալբանի» պետական համալսարանը։ Սեմինարին քննարկվող հիմնական խնդիրներն են սոցիալական ցանցերի ազդեցությունը քաղաքական փոփոխությունների վրա, անվտանգության և գաղտնիության խնդիրները սոցցանցերում, ճգնաժամային ենթակառուցվածքները, սպառնալքիները և գաղտնիության ու անվտանգության քաղաքականությունը։
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում և Հայաստանը, պետք է սահմանի համապատասխան պետական վարքագիծ կիբեռանվտանգության դաշտում, ներդրումներ կատարի հմտությունների և կրթության զարգացման ուղղությամբ, քանի որ կիբեռանվտանգության կառավարման կարևորությունը մեծանում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տեսությունների հետ համընթաց։
Միջոցառմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ հարկային ծառայությունից , Վիեննայում տեղեկայված ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալքիների վարչությունից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և կրթական ոլորտից։
Հանդիպմանը պետք է ներկա լիներ նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, սակայն նրա փոխարեն եկել է իր ներկայացուցիչը, ԱԱԾ–ի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը, ով կարևորեց բուհերի համագործակցությունը կիբեռհանցագործությունների դեմ պայքարում։





