Մոտ ժամանակում կքննարկվի Թուրքիայում երեք ատոմային էլեկտրակայնների (ԱԷԿ) շինարարության հարցը, թուրքական NTV հեռուստատեսությանը հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը: Նրա խոսքերով` ներկայումս բանակցություններ են ընթանում ամերիկյան «Westinghouse», գերմանական «Siemens» եւ կանադական «AECL» ընկերությունների հետ` նրանց օգնությամբ եւ մասնակցությամբ Թուրքիայում 2-3 ատոմային էլեկտրակայաններ կառուցելու շուրջ: Բանակցությունների դրական արդյունքի դեպքում, ԱԷԿ-ների կառուցման հարցը մոտ ժամանակում ներկայացվելու է երկրի խորհրդարանի քննարկմանը: Ընդսմին Հ.Գյուլերը նշել է, որ ԱԷԿ-ների կառուցմանը Թուրքիայում դեմ են բնապահպանները եւ «Էլեկտրիկ ճարտարագետների պալատը», որոնք գտնում է, որ Թուրքիան միջուկային կայանների կարիք չունի:





