Մայիսի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ 60 հոգուց բաղկացած պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, Շուշիում հանդիսավորությամբ բացել են կրթամշակութային կենտրոնի ուսումնական հատվածը, որը վերակառուցվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:
Հիմանդրամից հայտնում են, որ արարողությանը ներկա են եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, Շուշիի բնակիչներ: Կարմիր ժապավենը կտրել են Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը, նախարար Նարինե Աղաբալյանը, ծրագրի նվիրատուներից` Օհան Օհանեսյանը:
Շահագործման հանձնված հատվածում կգործեն Մկրտիչ Խանդամիրյանի պետական թատրոնը, «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբը, նկարչության, բալետի , ժողովրդական գործիքների, ասեղնագործության խմբակները, մեծահասակների թատրոնը, ինչպես նաև տիկնիկային թատրոնը, որն անվանվել է կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անունով: Վերջինս ծրագրի նվիրատուներից է և տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի ձեռնարկներին:
«Ղարաբաղի ուժը լեռների մեջ է, հայության ուժը` մշակույթի»,- իր խոսքը եզրափակել է Մկրտիչ Մկրտիչյանը՝ կարևորելով մշակույթի դերը Շուշիի պատմամշակութային ավանդույթների վերածնունդի գործում:
«Միացյալ ուժերով կերտվեց նաև այս հաղթանակը, որի համար հպարտ եմ, շնորհիվ մեր հավատքի և նման ձեռքբերումների` Շուշին կվերստանա անցյալի իր փառքը: Ամուր կառչեք այս հողին, սա է մեր խնդրանքը»,- իր հերթին նշել է Արա Բոյաջյանը: Ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվում է մշակույթի տան 450 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը, բարեկարգվում է տարածքը: Աշխատանքները ֆինանսավորվում են ԼՂՀ կառավարության կողմից և կավարտվեն մոտակա ամիսներին:





