AM
26 Մայիս 2012 - 09:12 AMT

Սկանդալային տեսանյութում ծեծվող աղջկան սպառնացե՞լ են. Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանում լուրը

Ոստիկանության աշխատակիցները դեռևս չեն մեկնաբանում «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօր տարածած լուրերն այն մասին, որ համացանցում վերջերս հայտնված՝ միմյանց ծեծող աղջիկների տեսանյութի գործով վարույթը սկսելուց հետո աղջիկներից մեկի նկատմամբ սպառնալիքներ են եղել։ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net–ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ դեռ չի կարող ոչ մի մեկնաբանություն տալ։

Օրաթերթի տեղեկություններով, երբ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել, և ոստիկանությունը սկսել էր հետաքրքրվել դրանցում երևացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր «զոհին», սպառնալիքներ հնչեցրել և ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որևէ խնդիր այլևս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:

«Ավելի ուշ նույն աղջկան է զանգահարել նաև գործով քննիչը և ասել, որ շտապ ներկայանա ոստիկանություն և գրի, որ ամեն ինչ անցել-գնացել է, և ինքը ոչ մի բողոք չունի: Դրանից բացի, քննիչն ասել է, որ քրեական գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ ուշադրության կենտրոնում, հետևաբար` գործը պետք է շատ արագ քննվի ու «ջրվի»: Եվ ահա տուժած աղջիկը գնացել է ոստիկանության բաժին և գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել են: Այսպիսով, հարց է ծագում, թե ինչ իմաստ ուներ քննության իրականացումը, եթե դեպքերը պետք է զարգանային նման մեթոդներով»,–գրում է «ՀԺ»–ը` նշելով, որ «համապատասխան իրենց տեղեկատվության` այն աղջիկը, որը տեսագրության մեջ ծեծում է «ընկերուհուն», ոստիկանությունում բացատրություն է տվել` որպես ծեծի պատճառ նշելով. «Ինքը իմ սրբությանն ա կպել»: Ըստ նրա, ինքն ինչ-որ զրույցի ժամանակ երդվել է «հոր արև», իսկ դիմացինը ասել է` սուտ ես ասում, ինչն էլ իրեն հունից հանել է: «Տուժած» աղջիկը այժմ սովորում է երևանյան քոլեջներից մեկում. դպրոցից հեռացել էր միջադեպից կարճ ժամանակ անց»։