Դերասաններ Ազատ Գասպարյանը և Տիգրան Ներսիսյանը մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան Երևանի քաղաքային և Կոմիտասի պանթեոններում անմխիթար վիճակում գտնվող մեծերի գերեզմաններին: «Մեր այն երախտավորների գերեզմանները, որոնք հարազատներ չունեն, շատ վատ վիճակում են գտնվում: Այդ թվում են Օլգա Գուլազյանի, Արուս Ոսկանյանի, Վաղարշ Վաղարշյանի գերեզմանները: Այս խնդրին պետք է ուշադրություն դարձվի» ,- ասաց Գասպարյանը:
Նա գտնում է, որ պետական և քաղաքային իշխանությունները պետք է զբաղվեն այդ խնդրի լուծմամբ: «Մենք միայն կարող ենք բարձրացնել այս խնդիրը, բայց լուծել չենք կարող: Օլեգ Տաբակովը և մի խումբ արվեստագետներ մաքրում են Նովոդեվիչե գերազմանատունը, նման մի բան էլ մենք կարող ենք անել, սակյան միայն մաքրելով` հարցը չի լուծվի»,-ավելացրեց նա: Գերեզմաններից և արձաններից անհետանում են պղնձե և բրոնզե մասերը՝ անհետացել են նաև Այվազովսկու վրձինը, Վահրամ Փափազյանի գերեզմանի մոտ գտնվող արձանի ձեռքերը և շեփորը:
Տիգրան Ներսիսյանի կարծիքով, սա իսկապես շատ ցավոտ խնդիր է և պետք է անպայման լուծում գտնել: Նա համամիտ չէ Գասպարյանի հետ, որը կոչ է անում փակել գունավոր մետաղներ ընդունող կետերը: «Պետք է նման գողություններ անողներին ձերբակալեն և դատեն, որպեսզի դա օրինակ լինի նաև մյուսների համար»





