AM
9 Հուլիս 2004 - 13:21 AMT

ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՉԻ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցը, որն օրերս բանավոր ներկայացվել էր ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում, կարելի է որակել որպես «ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման բարի ցանկությունների» փաստաթուղթ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նա ընդգծել է, որ զեկույցում ոչինչ չի ասվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության կամ Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու մասին, ինչը որոշակի դժգոհություն է հարուցել ադրբեջանական պատվիրակության անդամների շրջանում: Եվ դա, հայտարարել է նա, չափազանց կարեւոր է: Միեւնույն ժամանակ, նշել է Վահան Հովհաննիսյանը, զեկույցում օգտագործվում է «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, թե «որ տարածքները եւ ում կողմից են դրանք օկուպացված»: «Օկուպացված տարածքներ» արտահայտությունն օգտագործվել է դրանք ականազերծելու անհրաժեշտության համատեքստում: Այսինքն խոսքը վերաբերում էր դրանք ազատելու եւ ականազերծելու անհրաժեշտությանը», – պարզաբանել է փոխխոսնակը: Նա հաղորդել է, որ Գորան Լենմարկերն առաջարկել է հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հաջորդ հանդիպումն անցկացնել աշնանը Բրյուսելում, եւ միայն դրանից հետո ինքը կարող է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջնական զեկույցը: