AM
29 Մայիս 2012 - 09:18 AMT

Նալբանդյան 106/1-ի հարակից շենքերի բնակիչները պատրաստվում են կազմակերպել հերթական բողոքի ակցիան

Թումանյան, Նալբանդյան, Սայաթ Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչները կրկին ստորագրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ նշված փողոցներով պարփակված ներբակային տարածքում նախատսվող բազմահարկ-բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարության:

Բնակիչները արդեն երկու տարի բողոքում են իրենց բակում նախատեսվող հսկայածավալ շինարարության դեմ, որի հետևանքով կվերանան բակի տասնյակ հաստաբուն ծառեր, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պաշտոնական գրությունից բխում է, որ նախքան շինարարությունը անհրաժեշտ կլինի ամրացնել շրջակա բնակելի շենքերի հիմքերը:

Եթե այս հարցով նախորդ ստորագրահավաքին մասնակցել էր 160 բնակիչ, ապա այս անգամ արդեն ավելի քան 270 բնակիչ, ովքեր միացել են ստորագրահավաքին՝ հուսալով, որ այս անգամ գոնե իրենց պահանջը անարձագանք չի մնա:

Ստորագրահավաքի տեքստում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, 2012թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Դուք հայտարարեցիք. «Մենք օրենքով բացառելու ենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ և նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի, և Երևանում վերջնականապես կհաղթահարի մայրաքաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը»:

Մինչ այս խնդրի սպառիչ պատասխան ստանալը՝բնակիչները պատրաստվում են հունիսի 1-ին հերթական բողոքի ակցիան կազմակերպել Նալբանդյան 106/1 հասցեում՝ ներբակային անցանկալի շինարարության դեմ: