AM
29 Մայիս 2012 - 12:21 AMT

Կվիրահատվեն սրտի արատ ունեցող երեխաները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի և «NECO» (Ազգային էթնիկ կազմակերպությունների կոալիցիա) միջազգային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հուշագրի համաձայն` «Նորք Մարաշ» ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական և անհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա «NECO» միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք Մարաշ» ԲԿ-ի փորձառու վիրաբույժները:

«Սա իրապես կարևոր և անհրաժեշտ համագործակցություն կարելի է որակել, քանզի բազմաթիվ երեխաներ հնարավորություն կստանան վերականգնել իրենց առողջությունն ու առողջ ապրելակերպը: Որպես Երևանի քաղաքապետ կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական և մարդասիրական նախաձեռնություններին»,–ընդգծել է Երևանի քաղաքապետը:

«Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատև: Ունենալով ժամանակակից սարքավորումներ և բարձր որակավորմամբ մասնագետներ, վստահ եմ, «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն և, որ ոչ պակաս կարևոր է, կապահովի մեր հիմնական նպատակի իրականացմանը. այն է, բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար»,- ընդգծել է Ազգային էթնիկ կազմակերպությունների կոալիցիայի վարչության նախագահ Նասեր Կազեմինը: