AM
30 Մայիս 2012 - 06:48 AMT

Նալբանդյան 106/1-ին ներբակային տարածք կրկին շինարարական տեխնիկա են մտցրել

Երեկվանից Նալբանդյան 106/1 հասցեում, որտեղ բնակչությունը արդեն մոտ երկու տարի պայքար է մղում ապօրինի շինարարության դեմ, վերսկսվել են խլրտումները: «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ բնակիչների փոխանցմամբ՝ երեկ տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ տարածք են եկել գազի վարչության աշխատակիցները, ովքեր, սակայն, պնդել են, թե որևէ կապ չունեն տարածքում նախատեսվող շինարարության հետ: Իրենց ասելով՝ նրանք քաղաքապետարանից թույլտվություն են ունեցել Նալբանդյան 104 և 106 շենքերի գազատար խողովակի տեղափոխման համար, սակայն բնակիչների պահանջով նրանք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:

Երբ աշխատանքները ընթացք են ստացել և խաթարվել է շրջակա շենքերի գազամատակարարումը, քաղաքացիները ահազանգել են քաղաքապետարան, որտեղից բնակիչներին հայտնել են, թե իբր խողովակաշարի տեղափոխման աշխատանքները իրականացվում են հրշեջ մեքենայի ելումուտը ապահովելու նպատակով, ինչը անվտանգության պահանջ է:

Այնուամենայնիվ, ինչպես և կանխատեսել էին բնակիչները, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում, «Ավագ Շին» ՍՊԸ-ն Նալբանդյան 106/1-ին ներբակային տարածք է մտցրել շինարարական տեխնիկա:

«Ակնհայտ է, որ տարիներ շարունակ անցկացված գազատարի հանկարծակի տեղափոխումը պատվիրված էր հենց այս նպատակով, իսկ շինարարները, ինչպես և անցյալ տարի նույն բակում դեռևս չկառուցված էլիտար շենքի կոյուղագիծ անցկացնելիս, կրկին խաբել են բնակիչներին՝ սեփական նպատակին հասնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: