Բարեկամական կապերը Հայաստանի եւ Իրանի միջեւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման կարեւոր գործոն են հանդիսանում: Այդ մասին այսօր ասվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հավատարմագրերը նախագահին հանձնած Երեւանում Իրանի նորանշանակ դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանի հանդիպման ժամանակ: Ռ.Քոչարյանը Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը բոլոր ուղղություններով գնահատել է դրական եւ արտահայտվել է դրանց հետագա զարգացման օգտին: Նրա խոսքերով, ակտիվ քաղաքական շփումներին զուգահեռ, տնտեսական փոխգործակցությունն այսօր արդեն թեւակոխում է որակական նոր փուլ` ընդգրկելով ենթակառուցվածքների զարգացումը: Իրականացման ընթացքում են խոշորամասշտաբ մի շարք ծրագրեր: Կողմերը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար լուրջ խթան են համարել Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան:





