«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը Հայաստանի բանկերի միության հետ համատեղ «Էրեբունի Պլազայում» այսօր անցկացնում է կլոր սեղան-քննարկում «Կենսաթոշակային ակտիվների պահառությունը և կենսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքակնությունը» թեմայով։
Միջոցառման նպատակն է խթանել ակտիվ քննարկում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել կենսաթոշակային ֆոնդերի պահառուններին ներկայացվող պահանջները։
Քննարկման ընթացքում իրենց վերլուծություններն են ներկայացրել արժեթղթերի շուկայի ավագ փորձագետներ Ռոբերտ Սթրահոտան և Ռոբերտ Սինգլթերին։
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը լրագրողներին ասաց, որ կենսաթոշակային ոլորտում պահառությունը Հայաստանում նորություն է. «Խնդիրն այն է, որ կենսաթոշակային բարեփոխման շրջանակներում մենք ունենք մի քանի կառույցներ, որոնք պետք է այդ գործառույթներն ապահովեն։ Կան մասնակիցներ, ովքեր վճարելու են և դրանից ձևավորվելու են կենսաթոշակային ֆոնդեր, լինելու է այդ ֆոնդերը կառավարող ընկերություն և, որպեսզի համոզված լինենք, որ այդ գումարները մոնիտորինգի են ենթարկվում ու հատուկ հաշվարկում են յուրաքանչյուր մասնակցի ունեցածը, հենց այդ նպատակով օրենսդրությունը նախատեսում է պահառույի ինստիտուտը, որը յուրօրինակ «երկրորդ աչք» կլինի և կապահովի հասարակության և մասնակիցների միջև վստահությունը»,–ասաց Չիլինգարյանը։
Միջոցառմանը հրավիրված են ավելի քան 40 մասնակիցներ կենսաթոշակային բարեփոխումների կառավարման ոլորտից, խորհրդի անդամներ, բարեփոխումներում ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակիցներ։





