AM
14 Հուլիս 2004 - 18:41 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր ռուս գործընկեր Միխաիլ Ֆրադկովի եւ ՌԴ Դաշնության Խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ Մոսկվայում քննարկել է Տրանսկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակման հարցը: Ինչպես հայտարարել է Ա.Մարգարյանը Ռուսաստանի խորհրդարանում այսօրվա հանդիպումից հետո, տվյալ խնդրի լուծումը կախված է պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումից: Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետը նշել է, որ մոտակա ժամանակներս նա պատրաստվում է այց կատարել Վրաստան, եւ «այդ հարցը, անկասկած, կլինի գլխավորներից մեկը այդ հանրապետության ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ»: Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին աբխազական երկաթուղային միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններ սկսելու հնարավորությունը կապում է վրացի փախստականների վերադարձի հետ Աբխազիայի Գալիի շրջան: Նշենք նաեւ, որ այդ ճանապարհը հանդիսանում է երկաթուղային միակ կապող օղակը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: