Հայաստանը հավատարիմ է մնում ԵԱՀԿ առջեւ իր ստանձնած պարտավորություններին եւ այդ կազմակերպության արժեքներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը` մեկնաբանելով Հայաստանի միացումը ԱՊՀ ինը երկրների հայտարարությանը ԵԱՀԿ-ում գործերի վիճակի վերաբերյալ: Նրա խոսքերով, «ուղղակի անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունները միասին փորձեն լուծումներ գտնել եւ քայլեր ձեռնարկել կազմակերպության ներսում բալանսի խախտումը հարթելու ուղղությամբ, եւ դրա լավագույն միջոցը կազմակերպության բաերփոխումն է»: Խոսնակը գտնում է, որ տվյալ հայտարարությունը չի կարող բացասաբար անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանի որ բարձրացված հարցերը բացարձակապես չեն վերաբերում ինչպես կարգավորման գործընթացին, այնպես էլ` ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին ԱՊՀ ինը անդամներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան հանդես են եկել հայտարարությամբ ԵԱՀԿ հասցեին, որտեղ մեղադրել են այդ կազմակերպությանը իրենց ինքնիշխանությունը չհարգելու մեջ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵԱՀԿ գործունեությունը քաղաքականացված բնույթ է կրում եւ խախտում է այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են պետությունների ներքին գործերին չմիջամտելը եւ ինքիշխանությունը:





