ԲՀԿ-ի բոլոր չորս նախարարները հրաժարական են տվել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցապնախարար Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր նախարարները նախօրոք պայմանավորվել էին հրաժարականի մասին: Խոսելով անձամբ իր նախորդ տարիների աշխատանքի մասին, Գրիգորյանն այն գնահատեց գերազանց: Նա հավելեց, որ 3 ամիս պլանավորում է հանգստանալ. «Համենայնդեպս, գործազուրկ չեմ լինելու»:
Ավելի վաղ՝ հայտարարությունների ժամին, քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին:
«Շատ նորմալ եմ գնահատում անցյալ տարիների աշխատանքս, կայացվել է քաղաքական որոշում և իմաստ չունի դա մեկնաբանել»,- լրագրողներին ասել էր Վարդանյանը՝ նշելով, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու և առաջիկայում պատրաստվում է հանգստանալ:
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողներին ասել էր, որ կուսակցությունը նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա։
Նրա հավաստմամբ, ԲՀԿ–ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Նաիրա Զոհրաբյանը։
Մայիսի 24–ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:





