Այսօր ծխախոտի դեմ պայքրի միջազգային օրն է: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ծխախոտի դեմ պայքարի ոլորտի մասնագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի առողջապահական կենտրոնի հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանն ասաց, որ այս տարի առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որպես հակածխախոտային օրվա կարգախոս է ընտրել «Կասեցնենք ծխախոտի արդյունաբերությունը»:
Նարինե Մովսիսյանն ասաց, որ հակածխախոտային համաշխարհային կոնվենցիան ընդունվել է 2004 թվականին, կոնվենցիային միացել է 175 երկիր: Կոնվենցիային միացել է նաև Հայաստանը, մեր երկրի պարտավորություններից է կոնվենցիայի շրջանակներում, առաջին հերթին պաշտպանել ազգաբնակչությունը ծխի ազդեցությունից, կրթել բնակչությանը ծխախոտի վնասակարության հարցում, արգելել գովազդը, օժանդակել այն մարդկանց, ովքեր ուզում են թողնել ծխելը:
Ըստ բանախոսի` շատ դժվար է ծխախոտարդյունաբերության դեմ պայքարը, քանի որ դրա լծակներն ու ազդեցությունը տարբեր ոլորտներում միշտ չէ , որ ակնհայտ է և որ ուղղակի կապ է ունենում առողջապահության հետ.«Հայաստանում այդ ազդեցությունն ակնհայտ է օրենսդրական դաշտում, եթե չի ստացվում օրենքը չընդունել ,այնպես են անում, որ թույլ օրենք լինի, այս դեպքում բախում է տեղի ունենում հանրային շահի և ծխախոտային արդյունաբերության շահի միջև»:
Նարինե Մովսիսյանը կարծում է, որ այս խնդրում կառավորությունը առավելագույն թափանիցիկ պետք է գործի և հաշվետու լինի հասարակության առջև:





