ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր կայացել է Պաշտպանի և ոստիկանապետի հանձնարարականներով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հավաքների անցկացման ընթացքում ոստիկանության աշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքների ու պարտականությունների, հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրմանիրավաչափության, և վերը նշված հարցերի համատեքստում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ԵԱՀԿ չափորոշիչների հետ կապված հարցեր:
Աշխատանքային խումբը ստեղծվել է մայիսի 30-ին: Աշխատանքային խմբի գործունեության նպատակը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերաբերյալ հստակ չափորոշիչների համատեղ մշակումն է, որոնց կիրառման արդյունքում կկանխվեն խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները:
Աշխատանքային խմբում յուրաքանչյուր գերատեսչությունից ընդգրկված են երեքական ներկայացուցիչներ:
Աշխատանքային խումբը Պաշտպանի գրասենյակից ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեադատավարական իրավունքների վարչությանպետ Ռուբեն Մարտիրոսյանը, ոստիկանության կողմից՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:





