AM
17 Հուլիս 2004 - 14:41 AMT

ԱՆԿԱՐԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԵԱՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄԱՐՇԻ ՀԵՏ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է 2007 թվականին ԵԱՀԿ նախագահությունից: Ընդսմին նա հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ նման որոշման պատճառ է դարձել այդ հարցի առնչությամբ պաշտոնական Երեւանի վետոյի իրավունքն օգտագործելու մասին հայտարարությունը: Գյուլի խոսքերով` 2007 թվականին Թուրքիայում կայանալու են ընտրություններ, եւ երկրի ղեկավարությունը չի կարող պատշաճ ուշադրություն հատկացնել ԵԱՀԿ-ում իր նախագահությանը: Նմանատիպ հայտարարությամբ Վաշինգտոնում հանդես է եկել նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը: «Ինչպես մեզ հայտնել են ԵԱՀԿ-ում աշխատող թուրք դիվանագետները, Անկարան հանել է իր թեկնածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2007 թվականին երկրի ղեկավարները պետք է ուշադրություն հատկացնեն այլ հարցերին: Նրանք հասկացել են, որ չեն կարող անհրաժեշտ ուշադրություն դարձնել նախագահությանը ԵԱՀԿ-ում, եւ մենք հարգում ենք այդ որոշումը», – ասել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել էր, որ Երեւանը կարող է վետո դնել առաջիկայում ԵԱՀԿ-ն գլխավորելու Թուրքիայի ցանկության վրա: «Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ ԵԱՀԿ Գործող նախագահի պաշտոնին հավակնող երկիրը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա այդ կազմակերպության բոլոր մասնակից-պետությունների հետ», – նշել էր Վ.Օսկանյանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ տեղեկացրել էր, որ քննարկել է այդ խնդիրն ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ` այս տարվա հունիսին Վաշինգտոն կատարած իր աշխատանքային այցի ընթացքում: