AM
17 Հուլիս 2004 - 16:11 AMT

ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ԱՌԱՆՁԻՆ ԴԻՏԱՐԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐԱՑԻԱԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

Եվրամիությունը չի դիտում Հարավային Կովկասը որպես մեկ ամբողջություն, եւ տարածաշրջանի երկրների ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները պետք է դիտարկի առանձին-առանձին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է Եվրահանձնաժողովի կրտսեր հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը: Այդ առումով նա բերել է Սլովենիայի օրինակը, որը նախկին Հարավսլավիայից անջատված երկրներից առաջին եւ առայժմ միակ Եվրամիության անդամն է: Պոտոչնիկի կարծիքով` մի կողմից, կարեւոր է տարածաշրջանում համագործակցության խրախուսումը: Բայց մյուս կողմից, գտնում է նա, կարեւոր է նաեւ, որպեսզի տարածաշրջանի երկրներին հնարավորություն տրվի առաջ շարժվել ըստ իրենց նախապատրաստվածության եւ ըստ այն, թե որքանով են պատրաստ համագործակցել եւ տնտեսապես ինտեգրվել Եվրամիությանը: Ընդսմին եվրահանձնակատարը հրաժարվել է դասակարգել Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը ըստ զարգացման աստիճանի` նշելով սոսկ, որ այդ երկրները պետք է «մեծ» ջանքեր գործադրեն ԵՄ քաղաքական եւ տնտեսական չափանիշերին հասնելու համար: Պոտոչնիկը տեղեկացրել է նաեւ, որ Եվրահանձնաժողովն արդեն սկսել է աշխատանքը տարածաշրջանում հիմնական մտահոգությունները վերհանելու եւ առաջընթաց շարժման առաջարկությունների ներկայացման ուղղությամբ: