AM
1 Հունիս 2012 - 06:54 AMT

ՀՀ-ԵՄ նոր ենթահանձնաժողովը սկսել է իր աշխատանքները

Անի Պլազա հյուրանոցում այսօր տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, մամուլի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստի բացումը: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Անանյանը բացման խոսքում նշեց, որ ենթահանձնաժողովի աշխատանքները չափազանց կարևոր են Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերությունների զարգացման գործում. «Հանձնաժողովի ձևավորումը արտահայտում է այն մեծ դինամիզմը, որ կա ՀՀ-ԵՄ աշխատանքների մեջ: Այս շրջանում բավականին ակտիվ են քաղաքական երկխոսությունները, որի արտահայտումն է նախագահի վերջին այցը Բրյուսել, բավականին դրական զարգացումներ կան նաև ասոցացիայի պայմանագրի շրջանակներում: Այս ոլորտում մենք ունենք մեր ինստիտուտները, բայց այս համագործակցության միջոցով կփորձենք ավելի լայնացնել համապարփակ համագործակցությունը ԵՄ-ի հետ մարդկային ոլորտում»:

Բացման խոսքով հանդես եկավ նաև խմբի ղեկավար, Հվ. Կովկասի ասոցացաիայի համաձայանգրի բանակցությունների համակարգող Սեզարե Դեմոնսիսը:

Ենթահանձնաժողովի առաջին նիստի աշխատանքները կշարունակվեն այսօր մինչև ժամը 17:00-ը: