AM
1 Հունիս 2012 - 07:34 AMT

Երևանում և մարզերում 29250 աշխատանքային միգրանտ կմասնակցի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ սեմինարների

Երևանում և մարզերում 29250 աշխատանքային միգրանտ կմասնակցի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ սեմինարների

Միգրանտներին կամ նրանց ընտանիքների անդամներին տրվում են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի մայիսից, ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, ՙՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի՚ ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է ՙՄիգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում՚ ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը և կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում:

Հիմնադրամից հայտնում են, որ միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում կազմակերպվում են տեղեկատվական-կրթական սեմինարներ, անհատական զրույցներ: Սեմինարներին և անհատական զրույցներին կմասնակցեն ընդհանուր առմամբ 29250 աշխատանքային միգրանտ կամ նրանց ընտանիքների անդամներ:

Միգրանտներին կամ նրանց ընտանիքների անդամներին տրվում են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման, հետազոտման միջոցների, վարակման և հետազոտման ժամկետների վերաբերյալ գիտելիքներ։

Միջոցառումների շրջանակներում հունիս ամսվա ընթացքում նախատեսվում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական-կրթական բուկլետների տարածում Երևանի ՙԶվարթնոց՚և Գյումրիի ՙՇիրակ՚ օդանավակայաններում, ինչպես նաև` ՀՀ սահմանային անցակետերում: