AM
1 Հունիս 2012 - 09:14 AMT

Բակո Սահակյան. Երեխաների խնդիրները ԼՂՀ իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են

Արցախի իշխանությունների և անձամբ իր անունից Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է տարածել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մենք ավանդաբար տոնում ենք Հունիսի 1-ը` որպես մեր երեխաների հանդեպ ունեցած անսահման սիրո ու ջերմության, անմնացորդ նվիրվածության ու հոգատարության օր: Նշում ենք ու փորձում նրանց կյանքը լցնել ավելի շատ ուրախությամբ և ուշադրությամբ, այն դարձնել ավելի անհոգ ու երջանիկ: Առողջ ու ապահով, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի ու ընտանիքի, այնպես էլ մեր պետության ու հասարակության խնդիրն է, կարևորագույն մի խնդիր, որի լուծման համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում:

Օրեցօր կառուցվող ու վերանորոգվող դպրոցներն ու մանկապարտեզները, խաղահրապարակներն ու զբոսայգիները դրա վառ ապացույցն են: Իրականացվում են տարբեր ծրագրեր երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու դաստիարակության մակարդակի բարձրացման, բազմազավակության խթանման ուղղությամբ: Այս խնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա բացահայտել իր ունակություններն ու անհատականությունը և կայանա որպես բազմակողմանի զարգացած մարդ»,- գրել է նախագահը: