AM
22 Հուլիս 2004 - 14:14 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը եւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող նրա վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիին քննարկել են ճանապարհների եւ տրանսպորտային միջանցքների զարգացման հարցերը որպես Հարավային Կովկասում տնտեսական զարգացման ուղիներից մեկը: Ընդ որում, ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, կողմերը նշել են, որ հաղորդակցությունների համաչափ զարգացման միջոցով ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հարավ-Հյուսիս ուղղություններով, հնարավոր կլինի Հարավային Կովկասը վերածել բանուկ խաչմերուկի: Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում առկա երկաթուղիների լիարժեք վերագործարկման հնարավորությունների շուրջ, մասնավորապես անդրադառնալով Կարս-Գյումրի-Թբիլիսի եւ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթգծի աբխազական հատվածի վերաբացմանը: Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները անդրադարձել են նաեւ տարածաշրջանի էներգետիկ ապահովման, Իրանի հետ առանձին ծրագրերի իրականացման հարցերին: Ի դեպ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ս.Զուրաբիշվիլին, կառուցվող Իրան-Հայաստան գազամուղով իրանական գազը դեպի Վրաստան փոխադրելու հնարավորությունը հետաքրքրական է երկրի համար: Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, Վրաստանի իշխանությունները պատրաստ են ուսումնասիրել այդ գաղափարը: