Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Հոլանդը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանից վերստին պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` որպես Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու նախապայման: Այդ մասին, ինչպես գրում է թուրքական «Միլլիեթ» թերթը, խոսք է գնացել նախօրեին` Էրդողանի Ֆրանսիա կատարած այցի վերջին օրը Հոլանդի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումից հետո մեկնաբանելով կուսակցության այդ դիրքորոշումը, նրա առաջնորդը հիշեցրել է լրագրողներին, որ ժամանակին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որտեղ պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով, այդ օրենքի համաձայն սոցիալիստները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության առաջիկա քննարկումների օրակարգ են մտցրել Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը, թեեւ Եվրամիության Կոպենհագենյան չափանիշներում այդ մասին ոչինչ չի ասվում:





