ԱՄՆ-ն պետք է վերանայի հավասար մոտեցումը ռազմական ոլորտում Ադրբեջանին եւ Հայաստանին օգնություն հատկացնելու հարցում: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում` Մամեդյարովը զարմանք է հայտնել հավասար չափով ռազմական օգնության հատկացմամբ «Ադրբեջանին, որի խաղաղապահ ուժերը հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում գտնվում են աշխարհի տարբեր «թեժ» կետերում, եւ Հայաստանին, որը պարզապես աջակցություն է հայտնում կոալիցիային»: Նախարարը նշել է, որ եթե ԱՄՆ-ն մտադիր է այսուհետ եւս այդ ոլորտում համագործակցությունը զարգացնել Ադրբեջանի հետ, ապա պարտավոր է համապատասխան մոտեցում ցուցաբերել ռազմական ոլորտում օգնություն ցույց տալու գործում, հաղորդում է «Ազերթաջ» գործակալությունը:





