Հուլիսի 25-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Թբիլիսիում նա հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ, իսկ մինչ այդ, կմասնակցի հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին` իբրեւ հանձնաժողովի համանախագահ: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, այցի շրջանակներում Ա.Մարգարյանը կայցելի հայ մշակութային գործիչների պանթեոն եւ Սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պատվիրակության կազմում Վրաստան կմեկնեն Ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, էներգետիկայի, բնապահպանության նախարարները, ինչպես նաեւ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը:





