AM
23 Հուլիս 2004 - 17:51 AMT

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅԱՆԸ

Երեւանում է գտնվում ԱՄՆ գերմանական Մարշալ հիմնադրամի եւ Անցումային ժողովրդավարությունների ծրագրի hամատեղ առաքելությունը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, «Եվրոպայի սառեցված հակամարտությունների կարգավորում» ծրագրի շրջանակներում իրականացվող առաքելության նպատակն է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն եւ հետեւանքները, ծանոթանալ հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումներին եւ ներկայացնել հակամարտության էությանը Վաշինգթոնում եւ Բրյուսելում գործող առաջատար փորձագետներին: Այդ նպատակով առաքելության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաեւ պաշտպանության փոխնախարարի հետ: Փորձագետները կայցելեն նաեւ Ստեփանակերտ` հանդիպելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Այցի ավարտին առաքելության անդամներն իրենց եզրակացությունները կներկայացնեն նաեւ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նշենք, որ մինչ այդ նրանք այցելել են Մերձդնեստր, Աբխազիա եւ Հարավային Օսիա: