Նախօրեին Երեւանում սպանված Վանաձոր քաղաքի բնակիչ Գոգա Առուստամյանը հանցավոր աշխարհում որոշակի հեղինակություն էր վայելում: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը, հուլիսի 22-ին ժամը 14:25-ին Կոմիտասի պողոտայում սեփական BMW մեքենայում կրակոցից սպանվել է Գոգա Առուստամյանը (ծնվ.1964թ.): Գլխավոր դատախազի խոսքերով` մարդասպանները, որոնք ըստ վկաների երկուսն են եղել, առայժմ հայտնաբերված չեն: Սակայն իրավապահներին արդեն հայտնի է նրանց ով լինելու մասին որոշ տվյալներ: Ներկայումս դատախազությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ձեռնարկում Վանաձորի համապատասխան մարմինների հետ, ասել է Հովսեփյանը:





