AM
24 Հուլիս 2004 - 13:57 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ազատել է զբաղեցրած պաշտոնից Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովին: Ազատման պատճառը չի նշվում: Ինչպես գրում է Բաքվի մամուլը, Աբասովի պաշտոնանկությունը նախկին իշխանական գվարդիայի շարքերում կադրային զտումներ ու վերադասավորումներ կատարելու Ալիեւ-կրտսերի ծրագրի երկրորդ քայլն էր (ԱԳՆ նախկին ղեկավար Վիլայաթ Գուլիեւից հետո): Ըստ Բաքվում շրջող ասեկոսեների, հնարավոր է առաջիկայում աշխատանքից ազատվի նաեւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը: Ի դեպ Նամիկ Աբասովի պաշտոնանկության մասին հրամանագիրը հրատարակվել էր այն ժամանակ, երբ նա բացակայում էր երկրից: Ըստ առկա տեղեկությունների արդեն նախկին նախարարը դեռեւս գտնվում է եվրոպական երկրներից մեկում: Իլհամ Ալիեւը անվտանգության նոր նախարար է նշանակել Էլդար Մահմուդովին, որը մինչ այդ աշխատում էր ներքին գործերի թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության պետ: