AM
26 Հուլիս 2004 - 14:07 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻՋՆՈՐԴԸ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինկի խմբի (ՄԽ) շրջանակներում բխում է ԱՄՆ ազգային շահերից: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը` «Ռեգնում» գործակալությանը: Նրա խոսքերով, ԱՄՆ քաղաքականությունը այդ տարածաշրջանի առնչությամբ երկարաժամկետ բնույթ է կրում: «ԱՄՆ շահերից չի բխում, որպեսզի այստեղ տեղի ունենան կայունության համար սպառնալիք ներկայացնող իրադարձություններ: ԱՄՆ աջակցում է այստեղ խոշոր էներգետիկ նախագծերին: Եվ նման նախագծերից մեկը Բաքու-Ջեյհան նավթամուղն է, որը կարեւոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է դիվանագետը: Այն հարցին, թե «կաջակցի արդյոք ԱՄՆ-ն Ադրբեջանին, եթե վերջինս որոշի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը», Ս.Մանը հայտարարել է, որ Մաիցյալ Նահանգների դիրքորոշումը մնում է անփոփոխ` հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Ընդ որում նա կոչ է արել կողմերին «մտածել ավելի սթափ եւ գնալ փոխզիջումների»: «Միայն փոխզիջումների միջոցով կարելի է գտնել երկուստեք ընդունելի որոշում: Հենց այստեղ են համանախագահները տեսնում տվյալ հակամարտության լուծումը: Միայն այդ ճանապարհով կարելի է հասնել երկարաժամկետ խաղաղության այս տարածաշրջանում: Հակամարտության կողմերը իրենք են ընտրել ԵԱՀԿ-ն այն կարգավորելու համար, եւ մենք ջանում ենք լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով եւ սատար կկանգնենք կողմերի ընդունած որոշումներին»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Ինչ վերաբերում է կարգավորման նոր առաջարկներին, ապա դրանք, իր խոսքերով, միշտ կան: Սակայն, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են կողմերը պատրաստ ընդունել դրանք, նշել է նա: Ընդ որում Ս.Մանը հաղորդել է, որ առաջիկա շաբաթներին համանախագահները կշարունակեն խորհրդատվությունները կողմերի հետ: