Հայաստանում կա գրանցված 114 կարուսել, որոնցից 78 –ը` Երևանում , դրանցից 93-ը արդեն իսկ անցել են փորձաքննություն, իսկ մնացածի փորձաքննությունը ընթացքի մեջ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը:
«Փորձաքննություն անցկացվում է տարին մեկ անգամ` գարնանը , իսկ տարվա ընթացքում անընդհատ զննումներ են անցկացվում։ Այս տարվա փորձաքննությունը ցույց է տվել, որ վիճակը լավացել է և ավելի պատշաճ ձևով է իրականացվում հսկողությունը»,–ասաց Հովսեփյանը` նշելով, որ կան նաև փոքր կառույցներ, որոնք չեն անցնում փորձաքննություն և գրանցված չեն որպես վատնգավոր օբյեկտներ։
Հովսեփյանը նշեց, որ փորձաքնություն անցած բոլոր կարուսելների տոմսարկղերին կան փակցված փորձաքննության արդյունքները. «Այս տարի ոչ մի կարուսելի չի տրվել բացասական եզրակացություն, տրվել է միջոցառումների համալիր ծրագիր, որն իրականացնելուց հետո տվյալ կառույցը անվտանգ կհամարվի»։
Նույն կենտրոնի փորձագետ Լուսինե Հովնաննիսյանն էլ նշեց, որ փորձաքննության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգության հանգույցներին, ստուգվում է կարուսելի աշխատանքը բոլոր ռեժիմներում, միայն դրանից հետո տրվում է դրական եզրակացություն. «Եթե սխալ փորձաքննության հետևանքով որևէ դժբախտ դեպք պատահի, դրա համար նախատեսվում է 500 հազար դրամ տուգանք»։





