Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ 9-ից 14 տարվա ազատազրկման են դատապարտվել անցած ձմռանը տեղի էլեկտրագնացքներից մեկում Հայաստանի բնակչի գազանաբար սպանած հինգ պատանիները: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հաղորդագրության համաձայն, հրոսակախումբը, որի անդամները 17-22 տարեկան են, վերագրում էր իրեն սքինհեդների նեոնացիստական կազմակերպությանը եւ նպատակ էր դրել «մաքրել» մերձմոսկովյան էլեկտրագնացքները կովկասցիներից: 2003 թվականի դեկտեմբերի 12-ին մտնելով Պետուշկի-Մոսկվա էլեկտրագնացքը` մարդասպանները հայտնաբերել են «կովկասցու արտաքինով» մի տղամարդու եւ տապալելով նրան գետնին փաստորեն ոտնակոխ են արել: Խեղված ուղեւորը եւս երկու ժամ տանջվել է բուժկետում եւ մահացել: Նույն օրերին նրանք նույն կերպ սպանել են մի 35-ամյա ադրբեջանցու:





