«Մենք կարող ենք» շարժումն այսօր Երևանում և Հայաստանի այլ մարզերում կազմակերպել էր «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մանկական մրցույթ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են «Մենք կարող ենք» շարժման գրասենյակից, Երևանի մանկական զբոսայգում հավաքված մինչև 12 տարեկան ավելի քան 70 երեխաներ նկարում էին «Հայաստանն առանց աղբի» թեմայով բնապատկերներ:
Օրվա խորհուրդը երեխաներին են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Սամվել Բալոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Կավճանկարչության տոներ էին կազմակերպվել նաև Հրազդանում, Ալավերդիում, Հաղպատում, Ապարանում, Եղվարդում, Իջևանում և Գավառում:
Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացել են նվերների:
Միջոցառումն անցկացվել է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) «Հայաստանն առանց աղբի» շարժման շրջանակներում` շարժման մաս կազմող հետևյալ կազմակերպությունների աջակցությամբ՝ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ATP), Երևանի, Ապարանի, Հրազդանի, Իջևանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոններ և այլն:





