Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնապաշարների նախարարության պաշտոնական դիմումից հետո հուլիսի 19-ից դադարեցվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի վրացական տեղամասի շինարարության աշխատանքները Բորժոմի կիրճի մոտ: Ինչպես հաղորդել է «BՀ-Azerbaijan» ընկերությունը, նախարարությունը մտադիր է ավարտել Վրաստանի տարածքում ԲԹՋ-ի պաշտպանությանն ուղղված անվտանգության միջոցների կատարման գնահատումը: Աղբյուրի համաձայն` դա կարող է անդրադառնալ աշխատանքների ընթացիկ ժամանակացույցի վրա, սակայն ոչ մի կերպ չի ազդի շինարարության ավարտի եւ ԲԹՋ-ի շահագործման հանձնման ընդհանուր ժամանակացույցի վրա: Մեկնաբանելով շինարարությունը ժամանակավորապես դադարեցնելու պաշտոնական Թբիլիսիի որոշումը` Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը «Թուրան» գործակալությանը հայտարարել են, թե «նման որոշումը պայմանավորված է տարածաշրջանի էկոլոգիական անվտանգության համար մտահոգությամբ»:





