Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է նաև Հայաստանը (ՀԱՊԿ) պետք է արձագանքի Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացվող լայնամասշտաբ դիվերսիային։ Հունիսի 7–ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Շատ կուզեի տեսնել կազմակերպության արձագանքը տեղի ունեցածին»,–ասաց նա։
Հարցին, թե ինչու Ռուսաստանը չի արձագանքում այս ամենի, Սաֆարյանը պատասխանեց, որ Ռուսաստանը չի կարող պատժել Ադրբեջանին, որն օգնում է Ռուսաստանին ձախողել արևմուտքի էներգետիկ պլանները տարածաշրջանում։
Լրագրողների նկատառմանը, որ ՀԱՊԿ չի կարող արձագանքել, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել կազմակերպությանը, Սաֆարյանը հեգնանքով ասաց, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչ ադեկվատ են իրենց բնակչության, այլև միջազգային հանրության համար։
Սաֆարյանի համար անհասկանալի է մեր իշխանությունների դիրքորոշումն ու միջազգային այցերը հիմա, երբ Հայաստանի սահմաններին նման իրադարձություններ են տեղի ունենում։
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարն այդ կոնտեքստում հիշեց 2008 թվականի օգոստոսին ռուս–վրացական պատերազմը, երբ Հայաստանի նախագահը չէր ուզում վերադառանար Պեկինում անցկացվող օլիմպիադայից նույնիսկ այն պարագայում, երբ հարևան երկրում պատերազմ էր։





