Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 16 տարի է գտնվում է անազատության մեջ, հացադուլ է հայտարարում։ Այս մասին հաղորդում է դատապարտյալն իր ուղղարկած նամակում, որը հասցեագրված է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին, ԱՆ Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։ Նամակում մասնավորապես նշվում է.
«Անազատության մեջ անցկացրած 16 տարիներին մեկ օր անգամ չեմ դադարել պայքարել, որպեսզի արդարությունն, ի վերջո, վերականգնվի, որպեսզի ապացուցեմ, որ այս տարիներին չեմ դադարել հասարակության լիարժեք անդամ լինել: Օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները. առաջինն էի ցմահ դատապարտյալներից, ով նախաձեռնեց վիճարկել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Վերջերս ամիսներ ձգձգված դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը մերժեց բավարարել իմ փաստաբանների ներկայացրած օրինական խնդրանքը` վախենալով ընդունել, որ, իրոք, նախագահ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ: Առաջին դեպքն է նաև, որ 16 տարի անց մահապատժացմահականի գործում նոր երևան եկած հանգամանքների հիմքով առաջացել է քրեական գործի վերաբացման հնարավորություն: Այն, ինչ իմ ընտանիքն ու ես, նաև տարբեր փաստաբաններ`իրենց տեղեկանքներում տարիներ շարունակ պնդում էինք, այսօր դարձել է ապացուցելի: Խոսքը վերաբերում է 1996 թ-ի «արդարադատությանը», երբ ինձ` 20-ամյա ուսանողիս, դատապարտեցին գնդակահարության` գործով մյուս մեղադրյալի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով` առանց հիմնավոր ու անհերքելի ապացույցների, քննչական գործողությունների կոպիտ խախտումներով:
Սա, իրոք, բեկումնային պահ է, շրջադարձ, և արդարադատություն իրականացնողներից է կախված` գնալու ենք դեպի ետ մինչև 1990-ականների ամենաթողության տարիները, թե իսկապես սրբագրելու ենք մեր դատա-իրավական «կենսագրությունը»` դրանով իսկ ցույց տալով աշխարհին ու առաջինը` մեր հանրությանը, որ մարդը, նրա արժանապատվությունը և հիմնական իրավունքները և ազատությունները Հայաստանում բարձրագույն արժեք են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև գործնականում: Նոր երևան եկած հանգամանքներով 16 տարի անց քրեական գործ վերաբացելը իսկապես ինդիկատոր է ցույց տալու համար կա արդյոք ԿԱՄՔ դատա-իրավական ոլորտի բարեփոխումները դարձնել առավել շոշափելի:
Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը: Ու զգացողությունները նույնն են, ինչ-որ 16 տարի առաջ, երբ 3 ամսվա մեջ տարօրինակ արագությամբ ինձ դատապարտեցին գնդակահարության: Ուստի այս աննախադեպ ծայրահեղ պահին գտնում եմ, որ ծայրահեղ քայլերի ժամանակն է: Այստեղ`«Նուբարաշենի» կլոր «գերեզմանոցում» 24 ժամ չորս պատերի մեջ փակված դատապարտյալիս համար ծայրահեղ քայլերը ևս սահմանափակ են: Ու քանի որ հացադուլը համարում եմ վաղուց արժեզրկված բողոքի ձև Հայաստանում և ինքս էլ հազվադեպ եմ կիրառել այն, հայտարարում եմ, որ հունիսի 11-ից հրաժարվելու եմ թե՛ ջրից, թե՛ հացից: Որպես բժիշկների ընտանիքի զավակ և ինքս էլ թերի բարձրագույն բժշկական կրթությամբ` գիտեմ, որ այդպես մարդու օրգանիզմը կարող է դիմանալ ընդամենը տասն օր:
Հայտարարությունս խնդրում եմ ամենևին չդիտել որպես ճնշման փորձ դատարանի վրա: Պարզապես սպառվում են արդարության հասնելու բոլոր ճանապարհները: Նոր երևան եկած հանգամանքները վերջին հույսն են ապացուցելու, որ 16 տարի առաջ բացառապես մեկ մարդու ցուցմունքով են ինձ դատապարտել մահապատժի: Մի զրկեք մարդուն ՀՈՒՅՍԻՑ… »





