Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Կորպորատիվ կառավարման կենտրոնի (Կենտրոն) համագործակցությամբ Հայաստանում մեկնարկում է կորպորատիվ կառավարման համակարգի զարգացման բազմամյա ծրագիրը (Ծրագիր), որը նպատակ է հետապնդում հայկական ընկերությունների կորպորատիվ կառավարման պրակտիկայի կատարելագործման միջոցով նպաստել ընկերությունների և ընդհանուր առմամբ երկրի տնտեսության արդյունավետության, մրցունակության, ներդրումային գրավչության բարձրացմանը:
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի վերլուծությունը և գնահատումը` ըստ ՄՖԿ-ի մեթոդաբանության, կորպորատիվ կառավարման հարաբերությունները կարգավորող օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը, կորպորատիվ կառավարման հիմնահարցերի վերաբերյալ իրազեկման միջոցառումների կազմակերպումը ընկերությունների ներկայացուցիչների և այլ շահառուների համար, ինչպես նաև կորպորատիվ կառավարման վերափոխված համակարգի տեղայնացումը հայկական ընկերություններում:
Հունիսի 8-9-ը (1,5 օր տևողությամբ) Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա այս Ծրագրի առաջին միջոցառումը, որը նվիրված է ընկերությունների բարձրագույն ղեկավարության դերակատարմանը ռիսկերի կառավարման ու վերահսկման գործընթացում և կոչվում է «Ռիսկերի կառավարումը և տնօրենների խորհուրդը»: Սեմինարի հիմնական նպատակն է նպաստել ռիսկերի կառավարման գործում ընկերությունների բարձրագույն ղեկավարության գիտելիքների կատարելագործմանը:
Սեմինարի ժամանակ քննարկվելու են ռիսկերի կառավարման և ղեկավարման հիմնախնդիրները կորպորատիվ կառավարման համակարգում, ռիսկերի ստանձնման առավելությունները, ռիսկերի դերակատարումը ընկերության արժեքի ավելացման գործընթացում, ինչպես նաև անց են կացվելու գործնական աշխատանքներ:
Սեմինարը վարելու են՝ պրոֆեսոր Օլիվիերո Ռոգին, Ռիսկերի կառավարման միջազգային գիտաժողովի նախագահ, Ֆլորենցիայի համալսարանի կորպորատիվ ֆինանսների պրոֆեսոր, Նյու Յորքի Համալսարանի Ստերն դպրոցի Սալոմոն կենտրոնի հրավիրված պրոֆեսոր, դոկտոր Մաքսին Գարվին (Maxine Garvey), ՄՖԿ-ի կորպորատիվ կառավարման գլխավոր մասնագետ, Կիրիլ Նեժկովը (Kiril Nejkov), ՄՖԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի աշխատակից, միջազգային իրավունքի մագիստրոս:
Սեմինարում Կենտրոնի կորպորատիվ կառավարման փորձագետ, տ.գ.թ. Նարինե Մելիքյանը կներկայացնի «Բիզնեսը և հասարակությունը. կորպորատիվ ինտեգրացիա կամ ոչ ֆինանսական ռիսկերի կառավարում» թեմայով զեկույցը:
Սեմինարի մասնակիցներին տրամադրվելու են հավաստագրեր:





